Follow us on facebook facebook.com/newsarm.am

Վարչապետի մոտ քննարկում է տեղի ունեցել

News.am

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Գեղարքունիքի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները՝ վարչապետի մարզային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Մանրամասն անդրադարձ է կատարվել ներկայացված բիզնես ծրագրերից յուրաքանչյուրին, որոնք վերաբերում են պանրագործության, կաթնամթերքի, գյուղմթերքի արտադրության ընդլայնմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ առանձին բիզնես ծրագրերում արտաքին ներդրողների ներգրավմանը:

Կարեւորելով մարզերում ներդրումային ծրագրերի խթանումն ու իրականացումը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը համաֆինանսավորելու եւ աջակցություն է ցուցաբերելու այն ծրագրերին, որոնք հեռանկարային են, ունեն տնտեսական հիմնավորում, գնահատված ռիսկեր, կարող են դառնալ արդյունավետ բիզնես՝ ստեղծելով նոր աշխատատեղեր եւ ապահովելով մուլտիպլիկատիվ էֆեկտ:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է Գյուղատնտեսության, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություններին եւ առաջարկել Կենտրոնական բանկին՝ հավանության արժանացած ծրագրերի իրականացմանը համապատասխան ընթացք տալու նպատակով դիտարկել իրենց կառույցների միջոցով օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը:

Առաջարկվել է նաեւ Կենտրոնական բանկի մասնակցությամբ ստեղծել հարթակ՝ գործարարների համար բիզնես դասընթացներ եւ ուսումնական ծրագրեր իրականացնելու նպատակով, ինչը կնպաստի ներդրումային ծրագրերի ավելի հիմնավոր եւ արդյունավետ կազմմանը:

Հաջորդիվ կառավարությունում քննարկվելու են նաեւ մյուս մարզերից ստացված ծրագրային փաթեթները:

loading...
News line
15
Փակել X